ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ընտրանուն:
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփեց հանդիպումը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այո, պահեր շատ ունեինք, բայց եզրափակումը ֆուտբոլում միշտ ամենաբարդ հարցն է։ Ամեն դեպքում գոհ եմ, երկու գոլը մեզ հաղթանակ պարգևեցին: Չեմ ցանկանում մտածել այն գոլերի մասին, որոնք չկարողացանք խփել: Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել. կխոսեմ ընդհանուր պաշտպանության մասին: Պաշտպանները շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին:
5:0-ից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը: Շատերը կարծում էին, որ ես տխուր չեմ, բայց ես պոզիտիվ էի, որովհետև ես եմ հավաքականի գլխավոր մարզիչը, և ինձ կոտրված չպետք է տեսնեն: Մի քանի օր չեմ քնել, որպեսզի կարողանայինք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Մի նեղացրեք մեզ, հավատացեք մեզ. առանց այդ էլ մեզ համար դժվար է, քանի որ շատ խնդիրներ ունենք: Քննադատելը ամենահեշտ բանն է:
Չեմ ցանկանում հաղթանակի արժեքն արհեստականորեն մեծացնել, բայց սա շատ կարևոր քայլ է դեպի առաջ: Հետագայում ևս կունենանք բարդ խաղեր, բայց մենք կաշխատենք խաղ առ խաղ այդ խնդիրները լուծել:
Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ լիովին փոխել էինք մարտավարությունը: Ցանկանում էի սյուրպրիզ մատուցել, և այսօր դա արեցինք: Ես թույլ չեմ տա, որ ֆուտբոլիստների զգոնությունը թուլանա: Պետք է երկար ու շատ աշխատել, որպեսզի ստաբիլության հասնենք:
Ամեն մարզիչ ունի իր մոտեցումը և մեթոդիկան թիմի ավագի հարցում: Կարող եմ Բարսեղյանին ավագի թևկապը վստահելով ինչ-ինչ հարցեր լուծել: Եթե պետք լինի փոփոխություն, կզրուցեմ Տիգրանի հետ, և միասին կհասնենք ընդհանուր հայտարարի: Առայժմ նա է ավագը, և ես շատ գոհ եմ նրանից:
Շատ շնորհակալ եմ փոխարինման դուրս եկած խաղացողներին, որոնք մտան ու մինչև վերջ պայքարեցին: Հանդերձարանում ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք վերցնենք մեր վրա այդ պատասխանատվությունը և մեր ազգին պարգևենք այդ հաղթանակը»,- ասել է Մելիքյանը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի իր հաջորդ հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին և 14-ին՝ Հունգարիայի և Իռլանդիայի դեմ արտագնա խաղերում: