Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուղղվածության խմբակցությունները սեպտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը մտադիր են խնդրել նոր քվեարկություն անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Politico-ն։
Նախաձեռնություններից մեկը պատրաստել է աջ և ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին միավորող «Հայրենասերները՝ Եվրոպայի համար» խումբը: Խմբակցությունում մասնավորապես դժգոհ են Միացյալ Նահանգների հետ ֆոն դեր Լյայենի կնքած առևտրային համաձայնագրից։
Քվեարկության առանձին հայտ են մտադիր ներկայացնել ձախերը, որոնց առևտրային հարցերից բացի մտահոգում է Գազայի հատվածում հակամարտության նկատմամբ Եվրահանձնաժողովի անգործությունը:
Politico-ն նշում է, որ ֆոն դեր Լյայենը վայելում է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ուստի նրան անվստահություն հայտնելու հավանականությունը փոքր է։ Սակայն, կենտրոնամետ դաշինքները կարող են ֆոն դեր Լյայենից զիջումներ կորզելու հնարավորություն ստանալ, ինչպես դա արեցին անվստահության վերաբերյալ հուլիսին տեղի ունեցած վերջին քվեարկության ժամանակ։