Civilnet.am-ը գրում է․
2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձի օրը, Հանրային հեռուստաընկերությունը և «Արմենպրես» պետական գործակալությունը որևէ կերպ չեն լուսաբանել արցախյան թեմայով այդ օրը տեղի ունեցած իրադարձություններն ու հնչած հայտարարությունները։
Նրանց եթերից և լրահոսից դուրս են մնացել «Եռաբլուր» պանթեոնում Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը, «Արցախը՝ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով համաժողովը, նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում կայացած արցախցիների «Միասնության» հանրահավաքը։
Չեն լուսաբանվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձն ու Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը՝ ուղղված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։
Կայքն ուսումնասիրել է սեպտեմբերի 2-ի իրադարձությունների լուսաբանումը, օրենսդրական դաշտը և պարզաբանումներ ստացել պատկան մարմիններից։
Պաշտոնական լռություն, անտեսված իրադարձություններ
Սեպտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման՝ օրվա ընթացքում հեռարձակված վեց թողարկումներից և 1lurer.am կայքի լրահոսից ամբողջությամբ դուրս էին մնացել Արցախի Հանրապետության հռչակման և դրա հետ կապված օրվա իրադարձությունները։
Փոխարենը լուսաբանվել էին, օրինակ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Պեկին ուղևորությունը, Հայաստանում շինարարության աճը, Սասունիկի միջնակարգ դպրոցի և Արմավիրի նոր զբոսայգու շահագործման հանձնվելը, Եղվարդի խնձորի այգիները, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը և այլ թեմաներ։
Արցախի և արցախցիների հետ կապված իրադարձությունները բացակայում էին նաև «Արմենպրեսի» օրվա լրահոսից։ Այնինչ նախորդ տարիներին գործակալությունը, ինչպես և «Լուրերը», լայնորեն լուսաբանում էր օրվա խորհուրդը՝ լուրերի, ֆոտոռեպորտաժների և հոդվածների տեսքով։
Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության և «Արմենպրես» գործակալության՝ Հանրային ռադիոն այս տարի էլ թեմային անդրադարձել է։ Լուսաբանվել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացումը։ Բացի այդ, հեռարձակվել է «Արցախի կորստի ու հիշողության նոր խորհրդանիշ է Եռաբլուրում» վերտառությամբ ռեպորտաժը, որում ռադիոն անդրադարձել է արցախյան պատերազմի և 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատների պատմություններին։
Ի՞նչ է պարտավորեցնում օրենքը
Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։ Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրային հեռարձակողները պետք է ղեկավարվեն օբյեկտիվության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքներով։
Նույն հոդվածը պարտավորեցնում է «հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, կարծիքների բազմազանությունը»։ Իր հերթին, Հանրային հեռուստաընկերության կայքում նշված է, որ «Լուրերի» թողարկումների «առանցքում այն ամենն է, ինչ կարևոր է, հետաքրքիր և հրատապ: Պարբերաբար թարմացվող նորություններ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, տեղեկատվություն՝ տարածաշրջանից և միջազգային հանրությունից:»։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով։ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա։ Գործակալության «Մեր մասին» բաժնում նշվում է, որ այն լուսաբանում է «քաղաքական, տնտեսական, հասարակական, առողջապահական, տեխնոլոգիական, մշակութային, սպորտային ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին»՝ գործելով «անկողմնակալության սկզբունքի հիման վրա»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։