Ես համաձայն չեմ, որ Դաշնակցությունը մեր արքետիպն է մեր ժողովրդի, Դաշնակցությունը ֆանտոմային ցավ է մեր ժողովրդի համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իսկ պատերազմի շահառուն՝ խորհրդարանական ընդդիմությունը, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը գաղափարախոսության, արժեքային բովանդակության մեջ չի պատկերացնում կյանքը առանց կոնֆլիկտի:
«Ու դա հենց Դաշնակցության մասին է, որովհետև այն հիմնադրվել է մի ժամանակ, երբ մենք չենք ունեցել պետություն: Այն հիմնադրվել և գործել է որպես ազատագրական պայքարի կուսակցություն: Դաշնակցության նպատակը ինքնանպատակ է»,- հայտարարեց Կոնջորյանը՝ մեղադրելով կուսակցությանը էքզիստենցիալ ճգնաժամի մեջ:
Ըստ պատգամավորի, դժվար է մի կողմից պայքարել խաղաղության դեմ, մյուս կողմից՝ դժվար է հրաժարվել նաև սեփական ինքնությունից, իսկ Դաշնակցությունը որևէ կերպ չի ցանկանում նորոգել իր ինքնությունը, չեն ուզում հասկանալ, որ ինքնությունը զարգացող հասկացություն է:
Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը վաղուց քաղաքականապես վախճանվել է, քանի որ չունի ասելիք:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի քննադատություններին, նրան մեղադրեց ադրբեջանական նարատիվներին հղում անելու համար:
«Արթուր Խաչատրյանն ասում է՝ դուք պատկերացնո՞ւմ եք, թե Բաքվում պահվող գերիներին ինչպիսի ցուցմունքներ են ստիպում, որ նրանք տան: Բա դուք պատկերացնո՞ւմ եք, պարոն Խաչատրյան, թե ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպիսի ցուցմունքներ է տալիս ՀՀ-ի դեմ: Ձեր շեֆը՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել և ասել, որ Հայաստանն է սկսել ագրեսիան ու պատերազմը:
Դրանից ավելի մեծ դավաճանություն կա՞:
Նույնն էլ արել է Սերժ Սարգսյանը, երբ հարցազրույցում ցուցմունք է տվել ՀՀ-ի դեմ՝ ասելով, որ մենք ենք Գյանջայում քաղաքացիական բնակչության վրա հարձակում գործել: Դրանից ավելի խայտառակ, այլանդակ ապացույց՝ ՀՀ-ի դեմ տրված ցուցմունքի, փաստի, կարո՞ղ եք պատկերացնել: Ինչի դրա մասին չեք խոսում»,- նշեց նա:
Կոնջորյանը մեղադրեց ընդդիմությանը նոր աշխարհում, նոր տրամաբանության մեջ իրենց տեղը չգտնելու համար:
«Ու դրա համար դուք այսօր պատերազմ եք հայտարարել խաղաղությանը, ու դուք այդ պատերազմի մեջ ի սկզբանե պարտված եք, որովհետև չի կարող խաղաղությունը, խաղաղության օրակարգը պարտվել, որովհետև ՀՀ ժողովրդի երազանքն է եղել խաղաղությունը, և այդ երազանքն այսօր իրականություն է:
Մենք ապրում ենք այդ իրականացված երազանքի մեջ, և դրա համար ենք ասում՝ ապագան այսօր է, և այդպես էլ լինելու է, ու թույլ չենք տալու այդ խաղաղությունը խլել ՀՀ ժողովրդից»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: