168.am-ը գրում է․
Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել ու իշխանությունից պահանջել լուծել թթի արտահանման խնդիրը։ Թութն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում արտահանել, փոխարենը՝ բնակիչները թափում են։
Արմաշի բնակիչ Ավիկ Մկրտումյանը, ով և՛ արտադրող է, և՛ արտահանող, տեղեկացրեց, որ պահանջում են լուծել ծիրանի ու թթի արտահանման հարցերը։
«Թութը հիմա թափվում է ծառերի տակ, որովհետև 20-25 օր է՝ բերքահավաք էինք անում, իսկ ծիրանի մի մասն արդեն այսօր հավաքում ենք։ Ծիրանը հավաքում ու շուկա ենք տանում, բայց երկու օրից արդեն հնարավոր չի լինի շուկա տանել կամ այլ բան անել։
Թութը կատեգորիկ ՌԴ չի արտահանվում, ճանապարհը, գիտեք, որ փակել են, ծիրանն էլ հաստատ չի գնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավիկ Մկրտումյանը։
Հարցին՝ եվրոպական որևէ երկիր թութը չի՞ արտահանվում, քանի որ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը նման հայտարարություն արեցին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այ ցավդ տանեմ, նման բան չկա, միայն ասում են, մի հատ մարդ ուղարկեք, թող գան այստեղ՝ տեսնեն, այդ ասողներից որևէ մեկը եկե՞լ է այստեղ, ժողովրդի հետ մի բան խոսե՞լ է։
Մենք պահանջում ենք, որ մեր ապրանքն արտահանվի, եթե իրենց մոտ բան չի ստացվում կամ մասնակի է ստացվում, գոնե ժողովրդին փոխհատուցում տան, երկարաժամկետ կամ զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր տան, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վերցրած վարկերը փակեն, մի ձևով ապրեն, մինչև հաջորդ տարի հասկանանք՝ ինչ է լինելու։
Եվրոպայի շուկա մտնելն այդքան էլ հեշտ չէ, դա մենք էլ ենք հասկանում»։
Մեր զրուցակիցն ասում է՝ գոնե Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանը գնան ու իրենց հետ խոսեն, մի որոշում կայացնեն։
«Այդ փոխհատուցումը թթին չի վերաբերում, իսկ ծիրանի մասով էլ միայն արտահանողներին 200 դրամ են տալիս, եթե, օրինակ, ծիրանը Եվրոպա պետք է գնա 1 ֆուռը 8000 դոլարով, իրենք 4000 դոլարն են սուբսիդավորում։ Ես հիմա խոսում եմ՝ և՛ որպես արտահանող, և՛ որպես արտադրող։ Բայց սա էլ լուրջ չէ, քանի որ որևէ մեկը Եվրոպայի շուկային ծանոթ չէ, չգիտենք՝ մեր այս բերքն ու բարիքը համապատասախանո՞ւմ է եվրոպական չափանիշներին։
Կրկնում եմ՝ մեր մոտից 1 կգ ապրանք Եվրոպա չի արտահանվում, գուցե ելակ ու ծաղի՞կ են տանում, մեզ մոտ երկուսն էլ չկա»,- շեշտեց Ավիկ Մկրտումյանը։
Նա նաև ասաց, որ հույս ունեին, թե արտահանման հարցը կլուծվի, բայց այս պահի դրությամբ խնդիրը լուծված չէ, ավելին՝ համապատասխան մարմիններից որևէ մեկը ոչ ժողովրդի հետ հանդիպում է, ոչ էլ որևէ բան է պայմանավորվում։
«Այս տարի ծիրանի բերքը հիմնականում քիչ է, բայց մեկ է՝ պետք է արտահանվի։
Մենք մեր այս Կառավարությանն ենք ընտրել, գյուղի 70 տոկոսը Կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք, որ այդ պրոբլեմը լուծեն։ Մենք՝ որպես արտահանողներ, արդեն մի քանի տոննա թութ ենք թափել, այդ հարցով գնացել եմ քաղաքապետարան, մարզպետարան, բայց որևէ լիարժեք պատասխան չեմ ստացել։ Ուզում էինք Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ հանդիպել, չստացվեց՝ հանդիպման էր, Պապոյանի հետ էլ էինք ուզում, բայց նախապես պետք է պայմանավորվեինք։
Մեր հարցը հրատապ է, տեղեկացրեք իրենց, որ հարցը հրատապ է, ասում են՝ մինչև հինգշաբթի սպասենք, մինչև հինգաշաբթի մենք ինչքա՞ն ապրանք թափենք։ Նախկինում մեր գյուղից մինչև 30 տոննա թութ էր արտահանվում, հիմա ժողովուրդն ի՞նչ անի»,- ընդգծեց Ավիկ Մկրտումյանը։