news-details
Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես արգելել է տրանuգենդեր մարզիկներին հանդես գալ Օլիմպիական խաղերի կանանց մրցումներում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պաշտոնապես արգելել է տրանսգենդեր մարզիկներին հանդես գալ Օլիմպիական խաղերի կանանց մրցումներում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2028 թվականից։ Այդ ժամանակից սկսած՝ կանանց անհատական և թիմային մրցաշարերին կթույլատրվի մասնակցել միայն այն մարզուհիներին, որոնք գենետիկական թեստավորման միջոցով կհաստատեն իրենց կենսաբանական սեռը։ Ըստ ՄՕԿ-ի՝ գիտական տվյալների և փորձագիտական գնահատականների վրա հիմնված այս նոր քաղաքականությունը կոչված է ապահովելու մրցումների արդարությունը, անվտանգությունն ու ազնվությունը։

Կանոնակարգի համաձայն՝ SRY գենի դրական թեստ ունեցող աթլետները կզրկվեն կանանց կատեգորիայում մրցելու իրավունքից. նրանց կառաջարկվի հանդես գալ տղամարդկանց մրցաշարերում։ Բացառություն կարվի միայն անդրոգենների հանդեպ լիարժեք անզգայունության համախտանիշ (CAIS) կամ սեռական զարգացման այլ խանգարումներ ունեցող մարզուհիների համար՝ պայմանով, որ նրանք չեն ընդունում անաբոլիկ ստերոիդներ։

Կոմիտեն հստակեցնում է նաև, որ նոր կանոնները հետադարձ ուժ չունեն և չեն տարածվում սիրողական սպորտի վրա։

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի կողմից նախապատրաստվող այս սահմանափակումների մասին դեռևս 2025 թվականի նոյեմբերին հայտնել էր բրիտանական The Times պարբերականը։ Հրատարակության աղբյուրները վկայակոչել էին ՄՕԿ-ի բժշկական և գիտական հարցերով տնօրեն Ջեյն Թորնթոնի զեկույցը, որի նախնական արդյունքները փաստում են՝ արական սեռի մարզիկների ֆիզիկական առավելությունները պահպանվում են նույնիսկ հորմոնալ թերապիա անցնելուց հետո։