news-details
Հասարակություն

Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ․ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը գիտելիքի, գրի եվ դպրության օրվա առիթով․

«Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի մշակներին։

Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ  են, որ բարիք են ստեղծում, երբ մարդկային կյանքը խարսխվում է առ Աստված հավատի և տերունավանդ պատգամների վրա։ Սուրբ Գիրքն ուսուցանում է․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։ ․․․Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես․․․» (Առակ․ 1․2, 2. 10-12)։  Այս գիտակցությամբ է ապրել մեր ժողովուրդը՝  գիտելիքի հանդեպ անխախտ սերն իր հոգում, որով և դարերի հոլովույթում հաղթահարվել են ժամանակի փորձությունները, ստեղծվել է հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությունը։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, այսօր ձեզ համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան: Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին:

Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ։ 

Մեր աղոթքն է, որ Բարին Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի։ Թող Տերը Իր շնորհներով հոգու պայծառություն և ուշիմ միտք պարգևի մեր բոլոր զավակներին և առատորեն օրհնի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը:

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի»։