news-details
Հասարակություն

Ընտրության օրը սպանված 27-ամյա Գոռը մաhացել է հոր ձեռքերում․ եղել են չորս հոգով․ կա կալանավորված

Ընտրության օրը սպանված 27-ամյա Գոռը մահացել է հոր ձեռքերում․ եղել են 4 հոգով, կա կալանավորված։

Միջադեպը սկսվել է այն բանից, երբ անչափահաս տղան հայհոյել է 27-ամյա Գոռի հորը։

Նախ՝ ամենասկզբից․

Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19:55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։

Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Մի կաթիլ մեղրի» պատմություն ու ողբերգական ճակատագիր։

ArmLur.am-ին միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել․ 27-ամյա Գոռը հոր հետ գնացել է շինանյութի խանութ՝ գնումների, քանի որ այս ամսվա վերջ պատրաստվում էր իր հարսանիքին։ Վերջիններիս իբր մեքենան արագ վարելու հետ կապված հայհոյանքներ են տվել։ Հայր ու որդին կանգնել են հասկանալու համար, թե ինչու են այդքան ագրեսիվ արձագանքել իրենց մեքենա վարելու հետ կապված, որից հետո 16-ամյա տղան, որի հետ եղել են ևս 3 անձիք, հայհոյել է Գոռի հորը, և 16-ամյա տղան հանել է դանակը ու հարվածել 27-ամյա Գոռին։ Հոր ձեռքերում 27-ամյա Գոռը մահացել է։ Մեզ հայտնի դարձավ, որ 27-ամյա Գոռը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, ունի ևս մեկ եղբայր։

Սպանված Գոռի հարազատներից մեկն էր գրառում կատարել և արդարություն էր պահանջում․

«Մեր Գոռը էլ չկա։

Մարեցին այդ տան ճրագը…

Ոճրագործի ձեռքով կյանքից զրկվեց Գոռս՝ իմ ախպերս, մի երիտասարդ, որ նոր էր սկսում ապրել։

Ոչ ոք կյանք չի տվել, որ կյանք խլի։
Ոչ ոք իրավունք չունի մարդու շունչը կտրելու, երազանքը կիսատ թողնելու։

Գոռս նշանված էր։ Մեկ ամսից պիտի հարսանիք անեինք, տունը լցնեին ուրախությամբ։ Փոխարենը այսօր տունը լցվեց սգով։ Նրա ձեռքը մնաց օդում՝ չհասած հարսի ձեռքին։ Նրա երազած կյանքը մնաց չսկսված։

Չենք չարանալու։ Չարությունը նոր չարություն է ծնում։ Չենք նվաստացնելու ոչ մեկին, որովհետև մարդկայինը կորցնելով՝ ինքներս կդառնանք նրանց նման, ովքեր խլեցին Գոռիս կյանքը»։

Կալանավորումներ․

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին պաշտոնապես հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնցից մեկի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (սպանությունը՝ խուլիգանական դրդումներով), իսկ մյուսի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանությունը՝ խուլիգանական դրդումներով)։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է։