news-details
Քաղաքականություն

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և Ռոբերտ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել․ Բագրատ Միկոյան

Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:

Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Միջնորդություն է ներկայացվել նաև Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։