Վազելուց մարդը կարող է նույնքան հաճույք ստանալ, որքան անառողջ նյութերից: Այս մասին Ազգային Ժողովում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետք է մեր երիտասարդներին և երեխաներին բերենք կյանքից հաճույք ստանալու առողջ ձևերի սերմանումը, այսինքն, մենք պետք է մեր երջանկությունը կառուցենք ոչ թե սահմանափակումներից ելնելով, այլ փնտրենք ու գտնենք այն ճիշտ և առողջ սովորությունների մեջ: Առաջիկայում մեր արշավները հենց դրան են ուղղված լինելու, աշխատում ենք և ներկայացնելու ենք մարկետինգային, գովազդային արշավային պլան, որը ուղղվելու է հենց այդ իրազեկմանը՝ մարդկանց մոտ վարքագծի փոփոխությանը, առողջ ապրելակերպը պետք է լինի մեր վարքագծի ցանկալի մոդելը։
Մարդ պիտի հասկանա, թե ինչու պիտի փոխի վարքագիծը և վարքագծի փոփոխությունը ինչ հետևանքներ է ունենում, մենք պետք է օգնենք, կրթենք, անընդհատ նպաստենք, որ մեր երեխաները ճիշտ սովորություններ իրենց մեջ զարգացնեն։ Այս տարվանից վերափոխեցինք մանկապարտեզների սննդային ռացիոնը, հանել ենք խտացրած կաթերը և նման ոչ օգտակար՝ գուցե ժամանակին կալորիաները հագեցնելու առումով կարևոր, բայց այսօր անառողջ համարվող սնունդը:
Լրացրել ենք մեր երեխաների կալորիականությունը սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի ճիշտ համադրությամբ, փոքրիկները սկզբից դժվար էին ընտելանում նոր փոփոխություններին, բայց մենք տեսնում ենք փոփոխությունը, այս աշխատանքը արել ենք ծնողների հետ համագործակցելով, և ուրախ եմ, որ նրանք մեզ քաջալերում էին»,- նշել է Ավանեսյանը: