news-details
Հասարակություն

Տեսախցիկն արձանագրել է ավտովթար-հրդեհի պահը, որի հետևանքով ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված 2 անչափահասներից մեկը անցած տարի մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է (Video)

Այսօր՝ հունիսի 1-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում մայիսի 31-ին տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի մասին, ինչի համար էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը պարզել է, որ նշված վթարի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում և շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը, սակայն որոշ ժամանակ
նրանք պետք է մնան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Արման Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։ 

Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 31-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ թիվ 78 հասցեի դիմաց, «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանը և Արթուր Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենանայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ևս անչափահաս էր։