«Սիրուշո պրոդաքշն» ՓԲԸ-ն վերջին 1 ամսվա ընթացքում 5 նոր դատական հայց է ներկայացրել զարդերի վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ գործերը կապված են երգչուհու՝ արծաթյա զարդերի բիզնես գործունեության հետ։ Հայցադիմումներով պահանջվում է պարտավորեցնել պատասխանող ՍՊԸ-ներին դադարեցնել (կասեցնել) «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ իրավունքները խախտող գործողությունները»։ Խոսքը «Սիլվեր Սթորի» ՍՊԸ-ի, «Թամարա Բալիկյան Անդրանիկի» Տաթևիկ Եղիազարյան Ռաֆիկի», «Աստղիկ Ալեքսանյան Հրահատի» ԱՁ-ների դեմ հայցադիմումների մասին է։ Վերջին ԱՁ-ի դեմ ընկերությունից երկու հայցադիմում է ներկայացրել։
Հայցադիմումներով ՓԲԸ-ն պահանջում է արգելել ընկերություններին պատկանող սոցիալական հարթակներում հրապարակված, ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ-ի զարդերի օրինակների վերարտադրումը, տարածումը (վաճառքը) սոցիալական մեդիայի և առցանց հարթակների և խանութ սրահների միջոցով։ Բացի այդ՝ բռնագրավել (առգրավել) նրանց պատկանող սոցիալական հարթակներում հրապարակված կեղծ և նմանակված զարդերի արդեն իսկ պատրաստված և չվաճառված օրինակները։