news-details
Հասարակություն

Սևանում 19–ամյա զինծառայողին սպանողը նրա ծանոթ աղջկա խորթ եղբայրն է. նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սևան քաղաքում փետրվարի 21–ին սպանված 19–ամյա Արամ Խաչատրյանի սպանության դեպքից։ Նա Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր, պայմանագրային զինծառայող, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։ Արամը ծառայում էր իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։

Նա սպանությունից երկու օր առաջ էր իջել հերթափոխից։ Այսօր Վերին Ծաղկավանում Արամ Խաչատրյանի հուղարկավորությունն է։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների սպանության մեջ կասկածվում է 17–ամյա անչափահաս, որը Արամի հետ շփվող մի աղջկա խորթ եղբայրն է։ Հենց նա է, ըստ մեր տեղեկությունների պայմանագրային զինծառայող Արամին կանչել Սևան քաղաք ինչ–որ բան քննարկելու։ 17–ամյա անչափահասը և ևս մեկ անձ կալանավորված են։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը մեկ ամիս ժամկետով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով Արամն ընկերոջ հետ է գնացել Սևան, դեպքի ժամանակ ընկերը ավտոմեքենայում է եղել։ Նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին գրկախառնվում, ապա միանգամից սկսում դանակահարել։ Դա տեսնելով ընկերը մեքենայից դուրս է վազել, մոտեցել Արամին, ինչից հետո դանակահարողը փախուստի է դիմել։

Համագյուղացիների  խոսքով Արամին յոթ հարված է հասցվել։ Մի քանի տեղից վիրավորված Արամին ընկերն է հիվանդանոց հասցրել։

Գյուղի բնակիչները կատարվածից շոկի մեջ են, ամբողջ գյուղը սգում է երիտասարդի ողբերգական մահը։

Նշենք, որ սպանության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ փետրվարի 21–ին, Ժամը 13:00-ի սահմաններում դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Արամ Խաչատրյանը, որը գիտակցության չգալով մահացել էր։ Ոստիկանները պարզել են, որ երիտասարդին զանգահարել  և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու միանգամից դանակահարել են։ Սպանության մեջ կասկածվողների անունները չեն հրապարակվում,  նշվում են միայն անունների սկզբնատառերը՝ Ն. Մ. և Ա. Մ.։

Armlur.am–ի տեղեկություններով՝ դանակահարողները անչափահասներ են, ըստ նույն լրատվամիջոցի սպանությունը եղել է աղջկա պատճառով։

 

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/931946.html