Սա «քուչա» չէ, «բազար» չէ, ինքը հայ է, չեմ ուզում իրեն ատեմ, ձեզ չենք ատում, մի սարքեք զրոյական խաղ։ Այս մասին ԱԺ–ում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։
«Հարկ եմ համարում նորից խոսել ռադիկալացման մասին, որովհետև կարծում եմ դա շատ կարևոր է մեր հանրության համար։ Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ իրենք արդեն 10 օր է լսում են խոսակցություններ մարդկանց մասին, բայց ուզում եմ բացատրել, թե ինչու է այդպես, որովհետև մենք քննարկում ենք մարդկանց, ընտրում ենք թեկնածուների, բայց զինվեք համբերությամբ, քիչ մնաց։ Ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչպես է ատելության խոսքը տարածվում, կամ ռադիկալիզացիան ինչպես է պրոգրես ապրում։ Լրագրողները սպասում են, թե երբ է ծեծկռտուքը սկսելու, երբ է մարդամեկը դառնալու բոքսի տանձիկ, որ իրենք էլ ահասարսուռ վերնագրերով գրեն՝ «Ազգային ժողովում նորից ծեծկռտուք է, նորից վիրավորում են իրար»։
Ընդդիմադիր լրատվամիջոցները համ գրում են, որ այս ԱԺ–ն բազարի տեղ է, սաղ օրը իրար հայհոյում են, բայց միևնույն ժամանակ էլ, եթե մի անգամ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ասի այո, սրիկա ասելը սխալ էր, կասեն՝ ո՞նց թե, դուք կեղծ ընդդիմություն եք, կամքից զուրկ եք։ Բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց ընտրողների ցանկությունները, բայց ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ, հակառակը, դա գիտակցում է, որ միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետք է կոտրել։ Պարոն Վարդևանյանը ամենևին իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահը չի, իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահները Ալեքսանյանն ու Կոնջորյանն են, բայց ես ընտրել եմ Վարդևանյանին, որովհետև հասկանում եմ, որ նույնիսկ, եթե ինքը իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահը չէ, այդ տեղը տրված է ընդդիմությանը, ես չեմ ուզում, որ սա զրոյական խաղ լինի։
Դուք մեզ վիրավորել եք, որևէ թուլություն չկա ասելու մեջ՝ ժողովուրդ ջան, կներեք, այդքան բան, դա ձեզ չի դարձնում կեղծ ընդդիմություն կամ կամքից զուրկ քաղաքական ուժ, հակառակը, դա ցույց է տալիս ձեր կամքը։ Մենք պետք է մարդկանց ցույց տանք, որ նորմալ չէ իրար ատելը։ Սա քուչա չէ, սա բազար չէ, սա պատերազմ չէ, ինքը ամեն դեպքում հայ է, գուցե դաստիարակության պակաս ունեցող հայ է, բայց հայ է, ես չեմ ուզում իրեն ատեմ, ձեզ էլ բացարձակ չեմ ատում, ձեզնից ոչ մեկին ես չեմ ատում, մենք ձեզ չենք ատում, բայց մի արեք այնպես, որ այս ամեն ինչը դառնա զրոյական խաղ»,– նշել է Ռուբինյանը։