AntiCor-ին իրավապահ համակարգից փոխանցված տվյալները վկայում են, որ Գևորգ սրբազանի շուրջ շրջանառված ձայնագրությունը, որտեղ իր ենթակայության ներքո հոգևոր ծառայություն իրականացնողը վիճում է ընտանիքը քանդելու մասին՝ ծառայել է որպես քաղաքական ճնշման լծակ, ոչ թե օբյեկտիվ քննության նյութ։ Ըստ այդ տվյալների՝ ձայնագրությունը կիրառվել է որպես պարտադրանքի միջոց՝ Գևորգ սրբազանին ներգրավելու վարչապետին աջակցող եպիսկոպոսների խմբում։
Ինչպես է գործել ճնշման մեխանիզմը
Գևորգ սրբազանն ամբողջությամբ հերքել է ձայնագրության իր մասնակցությունը՝ հայտարարելով, որ այն կեղծիք է։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան ներկայացվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում կատարված փորձաքննության եզրակացություն, որը իրականացվել է նոր ձեռքբերված բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով։


Իրավապահները, ըստ աղբյուրների, բաց տեքստով հայտարարել են․
«Եթե չմիանաս վարչապետին և չանես համապատասխան հայտարարությունները Կաթողիկոսի դեմ, ապա ինչպես Արշակ սրբազանի դեպքում, կհայտարարենք, որ փորձաքննությունը հաստատել է ձայնը»։
Այսինքն՝ փորձաքննությունը ներկայացվել է ոչ թե որպես իրավական գործողություն, այլ որպես վախեցման և վերահսկողության գործիք։
AntiCor-ի աղբյուրները նշում են, որ սրբազանը, հասկանալով հանրային վարկաբեկման և հնարավոր քրեական հետապնդման ռիսկը, ստիպված համաձայնել է միանալ այն եպիսկոպոսներին, որոնք հանդես եկան Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություններով։
Ըստ նույն աղբյուրների՝ խմբում ընդգրկված մի շարք այլ եպիսկոպոսների վերաբերյալ նույնպես գոյություն են ունեցել նախապես հավաքված կոմպրոմատներ, որոնք պահվել են «պահեստային ճնշման» նպատակով։
Սա փաստում է, որ գործընթացը եղել է ոչ թե եկեղեցական բարեփոխումների նախաձեռնություն, այլ քաղաքական ճնշման համակարգված սխեմա։
AntiCor-ի գնահատմամբ՝ ձևավորվել է Եկեղոցու ներքին գործերին պետական միջամտության նոր սխեմա, որի հիմնական բաղադրիչներն են․
կոմպրոմատների նպատակային հավաքագրում,
արագացված և ուղղորդված փորձաքննություններ,
քրեական հետապնդման սպառնալիք,
հոգևորականներին քաղաքական դիրքորոշում պարտադրելու մեխանիզմ։
Այս գործընթացը խաթարում է եկեղեցու անկախությունը և հակասում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ իրավական պետության սկզբունքներին։
Եզրակացություն
Գևորգ սրբազանի դեպքը, ըստ AntiCor-ին փոխանցված տվյալների, եղել է լոյալություն պարտադրելու նպատակով կիրառված քաղաքական ճնշման արդյունք։
Ձայնագրությունն ու փորձաքննությունը չեն ծառայել ճշմարտությունը պարզաբանելու նպատակին, այլ եղել են ազդակներ՝ ուղղված Եկեղեցու ներսում ուժերի վերաբաշխմանը և իշխանությանը ցանկալի հոգևորականների խումբ ձևավորելուն։