Ակտիվիստ Տիգրան Սաֆարյանը գրում է․
Խոսքը պարզապես IMEI կոդի մասին չէ։
IMEI-ն հեռախոսի անձնագրի նման բան է։ Եթե այդ կոդը կապվում է ձեր համարի, SIM քարտի և անձնական տվյալների հետ, ապա պետությունը կարող է ունենալ շատ հզոր բազա՝ ով ինչ հեռախոս է օգտագործում, որ համարով և երբ է միացված ցանցին։
Սա արդեն միայն «գողացված հեռախոսների դեմ պայքար» չէ։
Սա կարող է դառնալ մարդկանց վերահսկելու գործիք։
Այսօր ասում են՝ պետք է ստվերի դեմ պայքարելու համար։
Վաղը կարող են օգտագործել այլ նպատակով։
Մյուս օրը՝ արդեն կարող է պարզվել, որ ձեր հեռախոսը, ձեր համարը և ձեր շարժը հեշտությամբ վերահսկելի են։
Ամենամեծ խնդիրն այն է, որ հստակ պատասխաններ չկան՝
ով է տեսնելու այդ տվյալները,
ինչու է տեսնելու,
որքան ժամանակ է պահելու,
ինչ կլինի, եթե տվյալները սխալ լինեն,
ինչ կլինի, եթե այդ բազան արտահոսի,
ինչպես է քաղաքացին պաշտպանվելու։
Մենք բոլորս պետք է հասկանանք մի բան․
Եթե պետությունը ստեղծում է բազա, որտեղ հավաքվում են բոլոր քաղաքացիների հեռախոսների տվյալները, դա արդեն շատ լուրջ հարց է։ Դա կարող է ազդել մեր անձնական կյանքի, ազատության և գաղտնիության վրա։
Ես դեմ չեմ, որ պետությունը պայքարի գողության, մաքսանենգության կամ խարդախության դեմ։
Բայց ես դեմ եմ, որ այդ պայքարի անվան տակ ստեղծվի մի համակարգ, որը կարող է վաղը օգտագործվել քաղաքացիներին վերահսկելու համար։
Պետությունը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե հավաքի նրա մասին ավելորդ տվյալներ։
Մինչև այս օրենքը քննարկելը պետք է շատ պարզ ասվի՝
ո՞վ է պատասխան տալու, եթե այդ տվյալները սխալ օգտագործվեն։
Որովհետև սա միայն հեռախոսի մասին չէ։
Սա մեր անձնական ազատության մասին է։