Պետդումայի պատգամավորները հուլիսի 8-ի նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են կառավարական փոփոխություններ, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում աշխատանքային միգրանտների համար։
Փոփոխությունները կատարվում են «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում։ Մասնավորապես, աշխատանքային միգրանտների եկամտի մակարդակը կվերահսկվի լիազորված գերատեսչությունների կողմից, և միգրանտները պարտավոր կլինեն ապահովել իրենց և Ռուսաստանում բնակվող ընտանիքի անդամներին՝ ոչ պակաս, քան տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույնի չափով։ Խախտման դեպքում օտարերկրացիներին չեն երկարաձգի արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը, և նրանք պետք է հարազատների հետ միասին լքեն Ռուսաստանը։
Միգրանտների երեխաները Ռուսաստանում կկարողանան մնալ միայն ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով և եկամտահարկի (НДФЛ) կանխավճարը վճարելու պայմանով։ 18 տարին լրանալուց հետո միգրանտների երեխաները պետք է լքեն երկիրը կամ դիմեն արտոնագիր ստանալու համար։
«Ձևավորվել է իրավական հիմք, որը թույլ կտա Ներքին գործերի նախարարությանը և այլ գերատեսչություններին արդյունավետորեն իրականացնել միգրացիոն քաղաքականությունը՝ ի շահ երկրի, մեր քաղաքացիների, և կարգուկանոն հաստատել», - ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Լիագումար նիստում նա հայտնել է, որ 2024 թվականից ի վեր Դուման այս ոլորտում ընդունել է 30 դաշնային օրենք, որոնցից 21-ը նախաձեռնել են պատգամավորները։ Նա խոստացել է, որ աշխատանքը կշարունակվի։