Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի հորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։
Նրա խոսքով, նախքան էքսկուրսիա գնալը երեխան իրեն լավ է զգացել, որևէ արտասովոր բան չեն նկատել: Տուն վերադառնալուց հետո ծնողները նկատել են, որ երեխան իրեն լավ չէ զգում, տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, որտեղ չեն կարողացել պարզել, թե ինչն է ինքնազգացողության վատթարացման պատճառը: Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ երեխային ենթադրաբար թմրամիջոց են տվել:
Տղայի հորաքույրը նշեց, որ երեխան երեկ է դուրս գրվել հիվանդանոցից, այս պահին տանն է, սակայն հոգեբանական վատ վիճակում է գտնվում, նրա հետ աշխատում են հոգեբանը: Հորաքրոջ խոսքով, երեխան հիշողության կորուստ ունի, խոսքն անտրամաբանական և անհասկանալի է:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։
«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։
Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլորն երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։