Bravo.am-ը գրում է․
«Մենք երկար եկանք այդ որոշմանը: Դա մեզ շատ ծանր տրվեց։ Գրեթե 50 տարի միասին ապրեցինք, եւ պարզվեց՝ ինչ-որ բաներ կան չասված, կիսատ մնացած։ Հասկացանք՝ երեւի, ճիշտ կլինի, որ առանձին ապրենք»,- «LIFEROOM» հաղորդման շրջանակում խոսելով իր եւ դերասանուհի Ալիս Կապլանջյանի բաժանման մասին՝ ասել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ Ամալյա Հովհաննիսյանի հետ զրույցում նա անկեղծորեն պատմել է կյանքի նոր փուլի, երիտասարդ կողակցի հետ հարաբերությունների եւ Հայաստանի հանդեպ սերը նորովի բացահայտելու մասին։
«Կարծում եմ՝ ճիշտ որոշում ենք կայացրել»
Բաժանումից հետո մոտ մեկ տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե, մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ՝ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Բայց կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետեւ անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ, էլի։
Երիտասարդ կողակցի հետ հարաբերությունները՝ բաժանման ֆոնին
Չէ, մեկը մյուսի հետ կապ չուներ։ Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ երեխաներին, եւ մենք բավական համերաշխ ենք։ Եվ հա, մենք իրար հետ ենք (ժպտում է,- հեղ․)։ Շատ կարեւոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, եւ որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար։
«Ամուսնություն չենք պլանավորում»
Տարիքային տարբերությունը մեզ վրա չի ազդում, որեւէ կերպ չի խանգարում։ Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց առայժմ մենք լավ ենք։ Երկուսս էլ ամուսնություն չենք պլանավորում։ Մենք որոշել ենք, որ ամեն մարդ պիտի ազատ լինի իր մտքերով եւ ընտրություններով։ Ճիշտ է՝ միմյանց նկատմամբ ունենք որոշակի պարտավորություններ՝ փոխադարձ հարաբերությունների հետ կապված, բայց դա ամուսնություն չէ։