«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։
ՆԳՆ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Թե ով է ձերբակալվածը, ՆԳՆ Ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին։
NEWS.am–ի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Ավելի վաղ, shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։