news-details
Հասարակություն

Ջրանջատումները կլինեն 3-4 ժամ՝ 7 ժամվա փոխարեն. Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ամռան ամիսներին գիշերային ջրանջատումներն անհրաժեշտ է համարում ջրավազաններում ջուր ամբարելու և դրանք ցերեկվա ժամերին օգտագործելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղալամքարյանը նշեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

«Մենք հիմքեր ունենք մտածելու, որ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4-ժամյա անջատման։ Այսինքն՝ ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա ամիսներին մենք կարիք ունենք ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն և ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի, բայց 7-ժամյա անջատման փոխարեն, կունենանք 3-4-ժամյա անջատում»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահը:

Արամազդ Ղալամքարյանը հավելեց՝ ջրանջատումներն ավելի քիչ կլինեն՝ պայմանավորված երկու հանգամանքով.

«Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերին, որոնք իրականացնում ենք, նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների: Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին: Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան «Վեոլիա ջուր»-ի կողմից ջրանջատումների ժամանակացույցի հրապարակումը: Որոշում է կայացվել լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- նշեց Ղալամքարյանը: 

«Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026թ. ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի 17 ժամ՝ միայն մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը, մի շարք այլ հասցեներում՝ ողջ տարվա ընթացքում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ Կառավարության միջամտությամբ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի: