Նոյեմբերի 23-ին Արարատ մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Պատարագ մատուցեց ոչ թե տեղի կարգված ու օծված քահանա Տեր Հարություն քահանան, այլ Տեր Երվանդ քահանա Բաբայանը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Տեր Հարությունը, երեխա ունենալու առթիվ, արձակուրդ է մեկնել, սակայն սրան զուգահեռ կան նաև տեղեկություններ, որ ուղղակի չի ցանկացել Նիկոլ Փաշինյանի համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցել։ Ուստի՝ թեմը նախընտրել է Տեր Հարությունին արձակուրդ ուղարկել և ժամանակավոր հոգևոր ծառայություն իրականացնելու իրավունքն էլ տալ Տեր Երվանդին։
Նշենք, որ Տեր Հարությունին քահանա է ձեռնադրել Բագրատ Սրբազանը, որ արդեն ամիսներ շարունակ գտնվում է կալանքի տակ։
Տեր Երվանդին Արարատ գյուղում, կարծես թե, անգամ չէին էլ ճանաչում։ ArmLur.am-ին ինչպես համայնքապետարանից, այնպես էլ նախկին համայնքապետ Ռաֆիկ Վարդանյանը մինչ նոյեմբերի 23-ը տեղյակ չէին, թե ով է Տեր Երվանդը։
Համայնքապետրանից ArmLur.am լրատվականին համայնքապետրանից հայտնեցին, որ Արարատում հոգևոր ծառայության է կարգված Տեր Հարությունը և մշտապես եկեղեցում նա է Պատարագ մատուցել և անգամ ենթադրել էլ չկարողացան, թե ինչու են նրան փոխարինել։
Իսկ ո՞վ է Տեր Երվանդ քահանա Բաբայանը․ Տեր Երվանդ (ավազանի անունը՝ Սայադ) քահանա Բաբայանը ծնվել է Արարատում, սովորել՝ նույն քաղաքի 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել քաղաքի թարգմանչաց վարժարանի հումանիտար հոսքում։ Սովորել է նաև տեղի երաժշտական դպրոցի շվիի բաժնում։ Դպրոցն ավարտելուց հետո՝2000-2004թթ․ սովորել է Վազգենյան Հոգևոր Դպրանոցում։
2004-2006թթ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո շուրջ 3 տարի ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այնուհետև՝ շուրջ մեկ տարի ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես սարկավագ:
2009 թ. դեկտեմբերի 13-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Մի քանի ամիս ծառայել է Խոր Վիրապ վանքում:
2010 թ. մայիսից մինչև 2012 թ. հունվար ամիսը ծառայել է Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի Սուրբ Ստեփաննոս եկեղեցում:
2012 թ. փետրվարի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արտաշատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում:
2013 թ. փետրվարի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 1 զավակ:
Նշենք, որ նախօրեին մատուցած Պատարագն առաջնորդել է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Տեղեկացնենք նաև, որ Գևորգ Սրբազանը միակ հոգևորականն էր, որ դեմ էր քվեարկել Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա Ասատրյան) կարգալույծ հռչակվելուն։