news-details
Քաղաքականություն

Ինչո՞ւ Էդգար Ղազարյանն այսօր փոխեց իր տեղն ԱԺ դահլիճում․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը մանրամասներ է հայտնել

Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պարզաբանելով այսօր ԱԺ նիստերի դահլիճում Էդգար Ղազարյանի նստատեղի փոփոխությունը։

«Հաշվի ենք առել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ են դրված ժողովրդի կողմից, կարծում եմ՝ այն, թե ով ում կողքն է նստած, համալսարանական խոսույթ է»,- ասել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ նստատեղերի փոփոխությունը միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի եղել, նման փոփոխություն կատարվել է նաև ՔՊ խմբակցությունում։

«Նման տեղափոխություններ էլի լինելու են և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի։ Ամեն դեպքում՝ նստեցումը իմ որոշումն ու նախաձեռնությունն է եղել առաջին օրվանից»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ղազարյանն այսօր փոխել է իր տեղն ԱԺ դահլիճում, և ներողություն չի խնդրել երեկ տեղի ունեցած միջադեպի և «սրիկա» բառի համար։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել: Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։ Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։