Ինչպե՞ս է ձևավորվելու Հայաստանի նոր Ազգային ժողովը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ի՞նչ հերթականությամբ են բաշխվելու մանդատները, ե՞րբ է գործելու 52 տոկոսի կանոնը, ինչպե՞ս է ապահովվելու խորհրդարանական ընդդիմության առնվազն մեկ երրորդ ներկայացվածությունը և ո՞ր դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլը։ Sputnik Արմենիան տալիս է հարցերի պատասխանը` ըստ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի։
Հայաստանում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, նախնական տվյալներով մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97 %–ը։
Խորհրդարանը ձևավորվելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի «կայուն խորհրդարանական մեծամասնության» սկզբունքի հիման վրա։ Այս մեխանիզմը Հայաստանի ընտրական համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է և կարող է հանգեցնել ինչպես լրացուցիչ մանդատների բաշխման, այնպես էլ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման։
Ազգային ժողովը ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Նվազագույնը ընտրվում է 101 պատգամավոր, սակայն կայուն մեծամասնության կամ այլ հատուկ մեխանիզմների կիրառման դեպքում պատգամավորների թիվը կարող է ավելանալ։
2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցկացվել են ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի՝ 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:
Միաժամանակ, նույնիսկ եթե շեմը հաղթահարի միայն մեկ կամ երկու ուժ, Ազգային ժողովում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք քաղաքական ուժեր, անցնում է խորհրդարան ձայներով երրորդ քաղաքական ուժը, նույնիսկ եթե չի հաղթահարել անցողիկ շեմը։
Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է պատգամավորական մանդատների 50 տոկոսից ավելին, բայց չի հասնում 52 %–ի, ապա նրան տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի ունենա առնվազն 52% մանդատ։ Սա կոչվում է «կայուն մեծամասնության» մեխանիզմ։
Օրինակ՝ ուժը ստացել է 50.7% մանդատ, ԿԸՀ-ն նրան լրացուցիչ մանդատներ է հատկացնում, արդյունքում այդ ուժը հասնում է առնվազն 52%-ի և կարողանում է միայնակ ձևավորել կառավարություն։
Եթե ընտրություններից հետո ոչ մի քաղաքական ուժ չի ստանում կայուն մեծամասնություն, ապա սկսվում է կոալիցիա ձևավորելու գործընթացը։ Օրենքը հնարավորություն է տալիս խորհրդարան անցած ուժերին սահմանված ժամկետում ձևավորել կոալիցիա, որը կունենա անհրաժեշտ մեծամասնություն։ Եթե քաղաքական ուժերը 9 օրում համաձայնության չեն գալիս ու հնարավոր չի լինում ձևավորել մեծամասնություն, գործում է երկրորդ փուլի մեխանիզմը։
Երկրորդ փուլին մասնակցում են առավել շատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը, այն անցկացվում է քվեարկության օրվանից հետո 35-րդ օրը։ Երկրորդ փուլի հաղթող ուժին լրացուցիչ մանդատներ են տրվում այնպես, որ նա ստանա Ազգային ժողովի մանդատների առնվազն 52 տոկոսը։