news-details
Քաղաքականություն

«Ինչ պիտի անեն երեխեքս»․ ինչպես է Արարատ Միրզոյանի ծեծի փորձի գործով մեղադրյալը դատարանում լացում

Այսօր Աջափնյակի դատարանում դատավոր Արամայիս Ասատրյանը հրապարակեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի փորձով մեղադրյալ Արա Բադոյանի մասով վճիռը։ Արա Բադոյանը դատապարտվեց 3.5 տարի ազատազրկման, որից կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիսը։

Նկատենք, որ մեղադրյալ Բադոյանը թույլ չտվեց տեսանկարահանել իրեն: Արդյունքում, երբ դատավոր Ասատրյանը կարդաց վճիռը, Բադոյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ։

Մեղադրյալը պարբերաբար դատարանում կրկնում էր՝ ինչ պետք է անեն երեխաները։ Պարզվում է, որ Արա Բադոյանի կալանավորումից հետո երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել եւ այս պահին նա հոգեբանական խորհրդատվություն է ստանում, եւ հոր ընտանիքի անդամների կողքին լինելը դրական ազդեցություն է ունեցել երեխայի հոգեբանական վիճակի վրա: Այս փաստաթղթերը անգամ դատարան են ներկայացվել։

Մեղադրյալ Բադոյանը երկու երեխա ունի եւ տան միակ աշխատողն ինքն է:

Ինչեւէ, շտապօգնութունը ժամանեց դատարան, հանգստացնող ներարկեց Արա Բադոյանին եւ հեռացավ:

Փաստ է մեկ բան՝ 2020 թվականի պատերազմը եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պատճառ դարձան զանգվածային անկարգությունների, ծեծի ենթարկվեց Արարատ Միրզոյանը: Դեպքից անցել է 5 տարի, եւ մինչ օրս իրավապահները չեն գտել Միրզոյանին կոնկրետ ծեծողներին, իսկ այսօր դատարանում դատվում են ծեծելու փորձ անողները։

Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս:

ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1470136/