Մեր կառուցած շատրվանը միացնում են՝ «Դոլյա վորովսկայա» է երգում, հիմա հույս ունեմ, որ առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
«Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրիի համայնքների ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են Կառավարության դեմ, փոխանակ Կառավարության ծրագրերից օգտվեն, տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, եսիմ ինչի համար են օգտագործել, և մենք հիմա պետք է դրա պատասխանատվությունը կրենք և կկրենք։ Գյումրիով շատ լուրջ պետք է զբաղվենք, որովհետև մարդիկ հո մեղավոր չե՞ն, որ ինչ-որ մեկը գալիս է, հեղափոխության ներքո ընտրվում է և հետո ուրիշ օրակարգեր է առաջ տանում, կամ մյուսները գալիս են համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են, իրենց պատկերացնում են չգիտեմ ինչ, փոխանակ համայնքների խնդիրներով զբաղվեն:
Երեկ Գյումրիից դուրս եմ գալիս, գնում եմ դեպի Քեթի գյուղ, և Անի թաղամասում ճանապարհները Ավերակ վիճակում են, հենց Գյումրի քաղաքի վարչական սահմանից դուրս ես գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են: Սա խոսում է նրա մասին, որ երբ լինում է քաղաքային իշխանություններ, գործում են ոչ թե ի հեճուկս քաղաքի շահերի, այլ քաղաքի շահերով:
Մենք միլիարդներ ենք ծախել, ընդ որում հեղափոխությունից հետո՝ 2018 թվականից Գյումրիում եղել է քաղաքային իշխանություն, որն ուղղակի կամ անուղղակի գործել է ի հեճուկս Կառավարության, դրա արդյունքը մենք տեսնում ենք: Ես որևէ այլ բնակավայրում նման մասշտաբի պրոբլեմ չեմ տեսնում, որովհետև կան բնակավայրեր, որոնց համայնքների ղեկավարները ընդդիմադիր են, մեր կուսակցությունից չեն, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում»,- նշել է նա: