Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը անդրադարձել է Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումների վերաբերյալ տեղեկություններին։ Նա հայտարարել է, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրից ուղիղ հեռարձակումների ձևաչափն ու տևողությունը չեն փոխվել․
«От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի «Լուրերի» եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00-ը ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:
Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները:
Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և առցանց հեռարձակողների համար»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից Հ1-ը ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն, ոչ թե կեսգիշեր։