Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:
Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն: Սուտ է, մինչև 2020 թվականը չի եղել խաղաղություն, ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ և վիրավոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն: Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը:
Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- նշել է նա: