news-details
Քաղաքականություն

Եթե ՔՊ–ին օգնեի, չէին ասելո՞ւ՝ «հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր». Մարտուն Գրիգորյան

Ես ի սկզբանե դեմ եմ եղել ՔՊ–ի ընտրվելուն, բայց եթե մարդկային առումով էլ նայում ես, ընտրություններից 2-3 օր առաջ բռնել են տալիս հորս, տղայիս, թիմակիցներիս, ավագանու մեր թեկնածուներին, ընտրությունների բուն օրը կալանավորումներ են անում, ամբողջ թիմիս տեռորի են ենթարկում։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«Էդքան բանն արեցին, ընտրություններից հետո իրենց պատգամավորների պահվածքը, չափերն անցնելը ու այդքանից հետո ի՞նչ էին ակնկալում։ Ակնկալում էին, որ Մարտուն Գրիգորյանն այդ ամեն ինչը մոռացե՞լ է, ու պետք է քաղաքապետի ընտրությունները վիժեցնե՞ր, պետք է այնպես աներ, որ ՔՊ–ն էս ընտրություններում ունենար Գյումրու քաղաքապե՞տ։ Երևանից եկածները պետք է հասկանային, որ Գյումրին փոքր քաղաք է և այդպիսի բաներին ուշադրություն դարձնում է։ Իրենք չէին մտածո՞ւմ, որ եթե Մարտուն Գրիգորյանը ՔՊ–ին օգներ, գյումրեցիները չէին ասելո՞ւ՝ «հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր»,–ասաց նա։

Խոսելով այսպես կոչված, «շիբինի գործի» մասին, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ գործերը գնացել են դատարան. «Տեսնենք մինչև ուր են գնալու, տեսնենք էդ գործով մարդիկ դատվելու են, թե ոչ։ Բնականաբար, մենք սա չենք մոռանալու, թող իրենք էլ չմոռանան, որ գյումրեցիները սա չեն մոռանալու։ Էսպես էժան բաներով գյումրեցիների մոտ փորձել տրամադրություն ստեղծել, թե՝ տեսեք Մարտուն Գրիգորյանը շիբին է բաժանել, կաշառք է բաժանել, ու Մարտուն Գրիգորյանին ընտրակաշառք բաժանող ներկայացնել։ Թուրքի մայլայում 200 հոգու էս ստից գործերով վկա են դարձրել, ու երեւանները պետք է քարշ տան, անհանգստացնեն, էդ թաղամասի ժողովուրդը գալու է ժամանակը, իրենց պատասխանը տալու են»։