news-details
Հասարակություն

Երկնքում հերթ է... Կարին Տոնոյանի հուզիչ գրառումը՝ Ռոբերտ Աբաջյանի մոր հիշատակին

Հայ հասարակությանն այս օրերին համակել է խորը վիշտ ու ցավ. կյանքից հեռացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը։

Որդու անմահացումից ուղիղ 10 տարի անց մայրը վերջապես վերամիավորվեց իր հերոս զավակի հետ։

Այս ցավալի կորստին սրտառուչ գրառմամբ է արձագանքել «Հայ Ասպետ» հիմնադրամի հիմնադիր, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Նա հրապարակել է Աննա Աբաջյանի լուսանկարը՝ որդու շիրիմի մոտ, և կատարել մի գրառում, որը թափանցում է յուրաքանչյուրի հոգու խորքը.

«Երկնքում հերթ է՝ Տղերքը լուսե պսակներ ձեռքին, Սպասում են լուռ իրենց մայրերին…. Իսկ Երկրի վրա մայրերն են խմբվել՝ Երկինք գնալու … Որդուն գրկելու սպասման հերթ է… Հազար երանի…» Աննա Աբաջյանը այն մայրերից էր, ով իր օրինակով ցույց տվեց հերոսի ծնող լինելու ծանր, բայց պատվաբեր լուծը։ 2016-ի ապրիլից հետո նրա կյանքը վերածվել էր մշտական սպասումի և որդու հիշատակը վառ պահելու սրբազան առաքելության։

Կարին Տոնոյանի տողերը կարծես ամփոփում են բոլոր այն մայրերի զգացմունքները, ովքեր երկրային կյանքում մնացել են միայն մեկ երազանքով՝ նորից գրկել իրենց լուսե տղաներին։ Այսօր հայ ժողովուրդը սգում է ոչ միայն մեկ մոր կորուստը, այլև հերթական անգամ խոնարհվում բոլոր այն ծնողների առաջ, ովքեր Հայրենիքին տվեցին ամենաթանկը։