news-details
Հասարակություն

Երևանում Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը․ տունն ամբողջությամբ տակնուվրա է արված

Այսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա արված է։

Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հաղորդվում։

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/04/09/1303195