SHAMSHYAN.com-ը փետրվարի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին։ Այդ օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Թումանյան փողոցում հրդեհ էր բռնկվել «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում, որը դարձել էր ոչ շահագործելի։
Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քննչական կենտրոնական բաժնում գույք ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։
Համայնքային ոստիկանները պարզել էին, որ Թումանյան փողոցի թիվ 9ա հասցեում կայանված նշված ավտոմեքենան պատկանել է նույն հասցեում բնակվող Տիգրան Մարգարյանին։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել էին, որ ավտոմեքենան հրկիզել է նույն փողոցում բնակվող 54-ամյա Աշոտ Չալաբյանը, ով ըստ օպերատիվ տեղեկությունների փորձել է նշված ավտոմեքենայի դիմացի տարբերանշանը հափշտակել, սակայն կրակմարիչը գործի դնելուց հետո մեքենան հրդեհվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է քննչական բաժինը գիտի, թե ով և ինչ պայմաններում է Տ․ Մարգարյանի ավտոմեքենան հրկիզել, սակայն մինչև այժմ չգիտես ինչու գործը տեղում քնած է, իսկ կասկածյալը ինքնավստահ շարունակում է շրջել հանցանքի վայրում։ Թե ինչն է պատճառը, որ մինչև այժմ անգամ տուժածին չեն հայտնել կատարողի մասին, մարդկանց մոտ լուրջ կասկածներ են առաջանում։ Իսկ թե ով է վնասը վերականգնելու, դա էլ է օդից կախված։