news-details
Քաղաքականություն

Էկոնոմիկայի նախարարությունը՝ հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ Լարսի անցակետում առաջացած կուտակումների հետևանքով հեղուկ գազի մատակարարումները որոշակիորեն խաթարվել են, սակայն խոսքը ամբողջական դեֆիցիտի մասին չէ․ իրավիճակը վերահսկվում է, և իրականացվում են քայլեր բնականոն մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։

 

Հեղուկ գազի մատակարարման վերաբերյալ

 

Հարց․ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։

Պատասխան․

Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

 

Հարց․ Ի՞նչ է անում Կառավարությունը։

Պատասխան․

 

Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

 

Հարց․ Գների բարձրացման ռի՞սկ կա։

Պատասխան․

 

Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

 

Հարց․ Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։

Պատասխան

 

Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։