Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին եղբայրներ են։
Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։ Նշենք, որ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Սարգիս Զեյնալյանն Արտակ Զեյնալյանի ազգականն է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սպանության մեջ մեղադրվողները եղբայրներ են՝ 42-ամյա Աշոտ և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցները։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Սոխրանյանցները, Հայկ Սուքիասյանից տեղեկանալով, որ Սարգիս Զեյնալյանը գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, գնացել են այդտեղ, որտեղ մոտեցել են այնտեղ կանգնած Սարգիս Զեյնալյանին և նրա հետ գտնվող Սլավիկ Թորոսյանին, փորձել են շեղել նրանց ուշադրությունը և հարվածներ հասցնել։ Մասնավորապես, Բենիամին Սոխրաբյանցը մոտեցել է նրանց, ձեռքով երկար բարևել և ներկայացել, որի ընթացքում, Աշոտ Սոխրաբյանցը, օգտվելով Սարգիս Զեյնալյանի և Սլավիկ Թորոսյանի կողմից իրեն ուշադրություն չդարձնելու հանգամանքից, գրպանից հանել է դանակը և դրանով առնվազն ութ անգամ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի և որովայնի հատվածին, որի ընթացքում Բենիամին Սոխրաբյանցը, ցանկանալով չեզոքացնել Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և հեշտացնել դրա կատարումը, տեսնելով առաջին հարված հասցնելը՝ բռնել է երիտասարդի պարանոցից, քաշել հետ՝ այդպիսով չեզոքացնելով Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և Աշոտ Սոխրաբյանցին հնարավորություն տվել անխոչընդոտ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի հատվածին, գցել գետնին և շարունակելով վերջինի դիմադրությունը չեզոքացնելուն ուղղված գործողությունները՝ բարձրանալու ընթացքում ոտքով հարվածել նրան, բացի այդ, մի կողմ է քաշել Սլավիկ Թորոսյանին՝ դեպքին չմիջամտելու և իրենց գործողությունները չխոչընդոտելու համար:
Այս ամենից հետո 24-ամյա երիտասարդը փորձել է խուսափել Աշոտ Սոխրաբյանցի հարվածներից և վազելով գնացել է կանգառի դիմացի մաս, իսկ Աշոտ Սոխրաբյանցը գնացել է նրա հետևից և ևս չորս անգամ դանակով հարվածել Սարգիս Զեյնալյանի կենսական կարևոր օրգանների հատվածին։ Ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Սարգիս Զեյնալյանը մահացել է:
Բացի այդ, Աշոտ Սոխրաբյանցը 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում , Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-1րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ ինքնաշեն եղանակով սահմանափակ խոցելիության հրազենի ձևափոխված «BLOW TR 914 02 AUTO» տեսակի 9մմ տրամաչափի ազդանշանակային ատրճանակը: Բենիամին Սոխրաբյանցը կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ փամփշտատուփը և դրանում գտնվող սահմանափակ խոցելիության հրազենի համար նախատեսված, թվով 5 հատ 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները: Սոխրաբյանցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Քրեական գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։
Նշենք, որ երկու եղբայրներն էլ դատվածություն ունեցել են, նրանցից մեկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել, մյուսը՝ Աշոտը, դատվածություն է ունեցել սպանության համար։