news-details
Քաղաքականություն

Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

2025 թվականի հունվարի 10-ին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկվել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը: Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթից Ա.Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում»,- հայտնեցին դատախազությունից:

Նյութի աղբյուր՝ https://www.1lurer.am/hy/2026/05/12/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D4%B2%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%86%D5%BE%D5%A5%D6%80-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%80%D5%80-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8/1512174