Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան մասին:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները մտահոգություն ունեն, որ գուցե շենքը քանդեն, Վարոսյանն ասաց՝ շենքը քանդելու ոչ մի ծրագիր չունի քաղաքապետարանը, ունի վերակառուցման ծրագիր:
Հարցին՝ հնարավո՞ր է շենքը վերածվի հյուրանոցի կամ բնակելի շենքի, այս վարկածներն ընդունելի՞ են, ցանկանո՞ւմ եք նման ծրագրով շարունակել, Վարոսյանն արձագանքում է․
«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում: Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել։ Փրկարար ծառայության հետ, որ զրուցում էինք, պարզ դարձավ, որ ճարտարապետական տեսքը պահպանելը միանշանակ հնարավոր է, իսկ վերակառուցումը կլինի հենց ճարտարապետական տեսքի պահպանման համար»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացվել էր: