news-details
Հասարակություն

«Արցախցի Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, նորմալ ընտանիք են»․ մանրամասներ՝ զոհված զինծառայողի մասին

Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։

«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Մեր համայնքում տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել» – ասաց համայնքի ղեկավարը։

Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի։

Միրզախանյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչը կարող է պատճառ հանդիսացած լինել, որ զինծառայողը ինքնասպանության դիմի։ Մինչ բանակ զորակոչվելը Արամայիսը սովորել է դպրոցում, մասնագիտացում դեռ չէր ընտրել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»։