4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կրկնակի փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը անմեղսունակ է։
Հոկտեմբերի 13-ին Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող հողամասում հայտնաբերվել էին սպանված Արմենուհի և Գևորգ Ղազարյանների մարմինները։ Ու մինչ իրավապահները դեպքի վայրում գործողություններ էին իրականացնում, Զովաշեն գյուղում ևս 2 անձանց սպանված գտան, որոնցից մեկը Աբովյանի բնակիչ Վահե Մարտիրոսյանն էր, մյուսը՝ Մարինա Մուշեղովնան։
Ամուսինները Հայաստան էին եկել Ռուսաստանից՝ իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ էին առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում՝ տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել է անծանոթ տղամարդ՝ հրացանով։ Տղամարդը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին և հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ․ նրանք պառկած էին նույն տաղավարում։
4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կալանավորվեց Արամուսի բնակիչ Թադևոս Հովակիմյանը։ Վերջինս իրավապահներին հայտնել էր, որ 20 տարի առաջ իրեն Արամուսում ծեծել էին, և ինքը վրեժը լուծել էր Արմենուհի և Գևորգ Ղազարյաններից։
Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը՝ Թադևոս Հովակիմյանը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես անմեղսունակ էր ճանաչել, և նա կարող է խուսափել պատասխանատվությունից։
ArmLur.am լրատվականը զրուցել էր Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի տուժողի ներկայացուցիչ Գոռ Ալոյանի հետ։ Վերջինս պահանջում էր, որ սպանություն կատարողին կրկնակի փորձաքննության ենթարկեն, որպեսզի իրենց կասկածները ամրապնդվեն՝ արդյոք տղամարդը ունի առողջական խնդիրներ։ Արդյունքում փաստաբանի բողոքը բավարարվել է, և ՔՊ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանին կրկնակի փորձաքննության կենթարկվի։
Եվ ահա, փորձաքննությունը կրկին հաստատել է, որ 4 հոգու կյանք խլած տղամարդը, որը իրավապահներին հայտնել էր, որ ՔՊ-ականների հետ մտերիմ է, անմեղսունակ է ճանաչվել, և, ըստ էության, նա կխուսափի պատասխանատվությունից։