Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այցի ժամանակ չի դիմավորել, հանդիպումը պատահական է ստացվել: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ «իր հայրենիքը թուրքին հանձնողի հետ խոսելու ոչինչ չունի»։
«Ո’չ դիմավորել եմ, ո’չ օրհնել եմ, ո’չ հետը աղոթել եմ, ո’չ էլ բարի գալուստ եմ ասել։ Իմ Արցախը, իմ Գանձասարը տվեցին թուրքին, ես Ալենի հետ ճամփա գնացո՞ղ եմ, ոչ ծախվող եմ, ոչ էլ ծախող», – նշել է նա։
Նշենք, որ Հայր Սահակը Արցախի Գանձասարի վանահայրն էր, որը Մայր Աթոռի որոշմամբ հոգևոր ծառայության է նշանակվել Տաթևի վանքում:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել էր Սյունիք և գնացել Տաթևի համալիր, որից հետո լուսանկարներ էր տեղադրել Հայր Սահակի և Հայր Միքայելի հետ: Շատերը քննադատեցին հոգևորականներին Եկեղեցու դեմ արշավ սկսած իշխանության ներկայացուցչի հետ ջերմ զրույցի համար:
Հայր Սահակը պատմեց, որ համայնքապետարանից իրեն ասել էին, թե Արարատ Միրզոյանն է գալու, բայց այգուց դուրս գալիս պատահական է Ալեն Սիմոնյանին է հանդիպել:
«Ալեն Սիմոնյանը միայն հարցրեց՝ սա ի՞նչ ձայն է, ասացի՝ շինարարական աշխատանքներ են, այդքանը, ուրիշ խոսակցություն չի եղել, ես նրա հետ ինչի՞ պիտի խոսեի», – հավելեց հոգևորականը։