news-details
Հասարակություն

12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է

Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգում է՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին ամգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել է Թորոսյանը։

Նա դիմել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին. «Քանի՞ երեխա պետք է հայտնվի հիվանդանոցում, որպեսզի հասկանանք, որ սա արդեն ոչ թե առանձին դեպք է, այլ ահազանգ ամբողջ հասարակության համար»։

Թորոսյանը պահանջում է գործն անհապաղ վերցնել հատուկ վերահսկողության տակ, բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել թմրամիջոցի աղբյուրը և օրենքի ամբողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին։

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, որ հաղորդումը ստացել են, միջոցառումներ են իրականացվում։

«Դեպքը ՆԳՆ ոստիկանության ղեկավարության կողմից հսկողության տակ է: Հավելյալ տեղեկություն ունենալուն պես՝ կհայտնեմ»,- նշել է ՆԳՆ խոսնակը։

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2026/06/10/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1-%D5%A9%D5%B4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81/2424469